Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չի կարելի գողանալ պատմությունը

Չի կարելի գողանալ պատմությունը
04.05.2013 | 19:19

Հայաստանը օր-օրի փոքրանում է՝ քաղաքական գործիչների՝ միմյանց նկատմամբ նախանձի, չարության պատճառով և արդյունքում: Երբ պետք է մեծ-մեծ բաներից խոսե,լ մեր քաղգործիչները դառնում են ամենաազգասեր հայերը, երբ խոսքն ավելի մոտ է սեփական շապիկին, դառնում են ամենավերջին փոքրոգին:
Ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի երկու լիդերների`Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հակամարտությունը հասցրեց նրան, որ արդեն հենց կոմիտեի ներսում առաջացավ երկու խումբ` լևոնական և վազգենական: Հիշում եմ, դեռեւս ՀՀՇ հիմնադիր ժողովից սկսած, լևոնականների ու վազգենականների միջև անհամաձայնություններ կային: Հետագայում պատմությունից քիչ թե շատ տեղյակները տեսան, թե ինչի վերածվեց այդ երկու խմբերի հակասությունը, որը և 1996-ին տարավ հակալևոնական շարժման՝ նաեւ ՀՀՇ-ի ներսում: Վազգեն Մանուկյանը հնարավորություն ունեցավ իր քաղաքական ու անձնական ամբիցիաները իրացնելու նախագահական ընտրությունների ժամանակ: 1996-ի մասին միշտ մեկ այլ տոնայնության մեջ է խոսել Մանուկյանը և, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է խոստովանում, որ այն ժամանակ ԱԺ դարպասները ջարդելու հետ ինքը, այսպես ասած, ամենաուղիղ կապն է ունեցել: «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում Մանուկյանն ասել է. «Մենք գնացել ենք, չափարները ջարդել ենք, մտել ենք Ազգային ժողով, որն այն ժամանակ կենտրոնական հանձնաժողովն էր, միայն մի պահանջով`որ տուփերը բացեն, ստուգեն»: Սա, թեև հետաքրքիր դրվագ է, բայց ամենակարևորը չէ այս հարցազրույցում: Մանուկյանն ասում է, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը Երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին չի վերագրվել: «Երբ ասում են, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ հաղթանակներ են եղել, այդ միտքը առաջին ժամանակ հնչեց այն ժամանակ, երբ 2008-ին առաջադրվեց»:
Երբ երկրի նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, անհնար է, որ նա կապ չունենա պատերազմում տարած հաղթանակի հետ: Պարզապես չի կարող այնպես լինել, որ նախագահը պատերազմական գործողություններից իրեն դուրս դնի: Ուրեմն ինչով էր զբաղված Տեր-Պետրոսյանը, երբ ողջ երկիրն զբաղված էր պատերազմով: Ուրիշ հարց է, որ պատերազմի դաշտում կարող էին անսպասելի հարցեր ծագել, և գլխավոր հրամանատարները, ջոկատների հրամանատարները սեփական նախաձեռնությամբ այս կամ այն գյուղի համար մարտեր մղեին: Դրանք հատուկ են պատերազմական իրավիճակներին, երբ վայրկյանի ուշացումը կարող է ճակատագրական լինել, բայց մարտական գործողությունների իրականացման ողջ տրամաբանությունը քննարկվում, համաձայնեցվում է երկրի նախագահի հետ: Հայաստանի պարագայում դա բացառություն լինել չէր կարող: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի շատ ընդդիմախոսներ ասել են, որ նման հայտարարությունները իրականության հետ կապ չունեն: Այդ մասին խոսել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով ամենևին էլ Տեր-Պետրոսյանի համախոհը չէ: Առաջին նախագահը սխալներ ունեցել է թե՛ ՀՅԴ-ի հարցում, թե՛ կադրային հարցերում, ինչում նրան մեղադրում էին իր ընդդիմախոսները, բայց ասել, որ նա Արցախյան պատերազմում տարած հաղթանակի հետ առնչություն չունի, աբսուրդ է:
Երբ քաղաքական գնահատականը համեմվում է անձնական չարությամբ, տուժում է երկիրը: Վազգեն Մանուկյանը հարցազրույցի ժամանակ խոսում է պատմություն կեղծելուց և երիտասարդ սերնդին ապակողմնորոշելուց, բայց ինքը զբաղվում է նույն բանով: Ով` ով, բայց Մանուկյանի նման խելացի մարդը պետք է մինչև հիմա եզրահանգումներ արած լիներ, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանի և հաղթանակի մասին խոսվեց հենց 2008-ին: Տասը տարի երկիրը ղեկավարում էր մի մարդ, ով հետևողականորեն զբաղված էր ուղեղների լվացմամբ: Ռոբերտ Քոչարյանն իր ղեկավարության տարիներին հասավ նրան, որ հայաստանցիների համար շատ կարևոր` պատերազմ և հաղթանակ բառերը փոխարինեց «ցուրտ և մութ տարիներ» արտահայտությամբ: Չխորանալով մանրամասների մեջ, պարզապես հիշեցնեմ, որ Վազգեն Մանուկյանը մեզ հետ ապրում էր նույն Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընդդիմադիր գործիչներից ոչ մեկը այսքան, մեղմ ասած, անբարեհաճություն չի ունեցել իշխանության նկատմամբ, նույնիսկ ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ, որքան Վազգեն Մանուկյանը` 1996-ի իրադարձությունների ֆոնին: Հայաստանի և Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքացի զրկանքներ է կրել պատերազմի տարիներին: Դա մեր յուրաքանչյուրի պատմությունն է: Չի կարելի գողանալ պատմությունը, նույնիսկ եթե այդ պատմության որոշ մանրամասներ քիմքիդ հաճո չեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ